Հայաստանի գրողների միության համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Համագումարը արտահերթ է, օրակարգում գրողների միության նախագահի ընտրության հարցն է: ՀԳՄ անդամների թիվը 525 է, որոնցից 386-ը Հայաստանի գրողների միության անդամ են, 43-ը` Արցախի, 96-ը` սփյուռքի: Նախագահի թեկնածուները հնարավորություն ունեն մինչև հոկտեմբերի 16-ը առաջադրվելու և «Գրական թերթով» հրապարակելու իրենց ծրագրային դրույթները, որպեսզի Հայաստանից դուրս գտնվող գրողները ծանոթանան թեկնածուների անուններին, ծրագրերին ու կատարեն իրենց ընտրությունը: Նման կարգով գրողների միությունն աշխատում է առաջին անգամ, սովորաբար թեկնածուներն առաջադրվում են համագումարի ժամանակ:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ: Նրա կարծիքով` ավելի արդյունավետ աշխատելու համար հարկ է նախապես ծանոթանալ թեկնածուներին ու նրանց ծրագրերին, ինչը կնպաստի նաև, որ համագումարն անցնի պարզ, թափանցիկ, զերծ մնա բամբասանքներից ու վեճերից:
Ըստ ՀԳՄ կանոնադրության` համագումարի ժամանակ նույնպես կարող են թեկնածուներ առաջադրվել, սակայն նախագահի պաշտոնակատարը հիշեցնում է, որ այդ կերպ նրանք որոշակի ձայներից կարող են զրկվել: Գրողների միության նախագահ կարող են դառնալ նաև սփյուռքի և Արցախի գրողները: Էդուարդ Միլիտոնյանը նկատեց, որ թեկնածուներն արդեն իսկ աշխատում են, հանդիպումներ են կազմակերպում, սակայն, քանի որ առայժմ ոչ ոք պաշտոնապես չի առաջադրվել, անուններ չհրապարակեց:
«Գուցե սոցիոլոգիական հարցում են անում, ուզում են ճշտել իրենց հնարավորությունները, որ իզուր փորձարկման չդնեն իրենց անունը: Հիմա մենք Նոստրադամուսի դե՞ր խաղանք, ասենք, ո՞վ կդնի, ո՞վ չի դնի թեկնածությունը: Դա իրենց գործն է»,- ասաց նա:
Հարց հնչեց` գրողների միութան նախագահ դառնալու համար ի՞նչ նվազագույն պահանջներ կան:
«Մենք չունենք մինիմալ պահանջներ, մենք ունենք մի պայման, որ թեկնածուն լինի Հայաստանի գրողների միության անդամ»,- պարզաբանեց Միլիտոնյանը: Նրա կարծիքով` ՀԳՄ նախագահը պետք է լինի հեղինակություն, ունենա գրական զգալի ժառանգություն, հասարակության մեջ ճանաչված լինի` իր գործունեությամբ, իր գրականությամբ: «Գրողների արժանապատվության հարց կա նաև, ՀԳՄ նախագահը պաշտոն չէ, գրողների հարցերով զբաղվելու հնարավորություն է, և գրողները պետք է հավատան, որ այդ մարդը կարող է իրենց հարցերով զբաղվել` սոցիալական, ստեղծագործական, հոգեբանական և այլն»,- ասաց Էդուարդ Միլիտոնյանը, նշեց նաև, որ 47 տարի գրական միջավայրում է, և առաջին անգամ է ՀԳՄ նախագահի ընտրության հարցն այսպիսի հետաքրքրություն առաջացնում, քննարկվում հասարակության տարբեր շերտերում, մամուլում: Մանավանդ վերջին տարիներին ԶԼՄ-ները ոչ այնքան աշխույժ, ոչ այնքան լայնորեն են լուսաբանում գրական գործերը, գրողների կերպարները, գրական խնդիրները: Սակայն արդեն կան պայմանավորվածություններ, լրատվամիջոցները էջեր, ժամեր են տրամադրելու գրականության լուսաբանմանը: Է. Միլիտոնյանի կարծիքով` դրանով կշահեն և՛ լրատվամիջոցը, և՛ հասարակությունը, որն այսօր տեղեկատվության պակաս ունի:
Բանախոսը նշեց, որ կան երկրներ, որտեղ ժամանակակից գրողը պարտավոր է տարվա մեջ մի քանի անգամ հանդիպել դպրոցականների հետ, հրաժարվել չի կարող, դա նրա աշխատանքի մի մասն է:
«Քաղաքապետարանները (ես սա ասում եմ որպես առաջարկություն), քանի որ ունեն հիմնադրամներ, մշակութային միջոցառումներին օժանդակելու հնարավորություն, ընդառաջում են, որ գրողները գնան հանդիպումների, վճարում են և այլն: Գրողը, իհարկե, վճարման ցանկությունները չի արտահայտում, բայց դա աշխատանք է, և ես կարծում եմ, ամեն գրող, երբ աշխատում է, պետք ինչ-որ չափով վճարվի: Ինչ-որ անում ես անվճար, դա այնքան էլ չի գնահատվում, համարվում է պարտականություն»,- ասաց Է. Միլիտոնյանը` ընդգծելով, որ գրողի հանրահռչակումը բոլորի գործն է։- Երբ ինձ նախագահի պաշտոնակատար էին ընտրում, ես ասացի, որ չեմ կարծում, որ մի հոգի պետք է աշխատի, մնացածը գնահատեն` նա լա՞վ է աշխատում, թե՞ վատ, սա լինելու է բոլորիս աշխատանքը»:
Հարց հնչեց` ինչո՞ւ համերաշխության եզրեր չեն գտնում գրական միավորումները, արդյունքում մենք այսօր ունենք առանձին գործող Երևանի գրողների միություն:
«Հայաստանում կարող են լինել բազմաթիվ գրական միավորումներ, կարող է լինել Թայչարուխի գրական միավորում, Երրորդ մասի Ծերեթելու փողոցի գրական միավորում, որևէ ակումբ կարող է իրեն կոչել Տիեզերական գրողների միավորում, Հայաստանի գրողների միությունը իրավասու չէ մտնելու նրանց ճամբարը, ճշգրտելու նրանց պարտականությունների, իրավունքների դաշտը»,- եղավ պատասխանը: Է. Միլիտոնյանը ասաց նաև, որ չգիտի, թե Երևանի գրողների միությունը ո՞ր գրողների համախմբումն է, ծանոթ չէ այդ գրողներին, լավ կլինի տպագրվեն, երևան, որ մարդիկ ճանաչեն: «Կարող են ակումբների, միավորումների ձևով առաջանալ էլի խմբավորումներ, որոնք մեզ հետ կապ չունեն: Թող գրական շահեր հետապնդեն, գրականությունը տարածեն»,- եզրափակեց իր խոսքը նա:
ՀԳՄ նախագահի իրենց թեկնածուին պետք է առաջադրեին նաև երիտասարդ գրողները: Համագումարին ընդառաջ, դժվար է ասել, մրցակցությո՞ւն, թե՞ հակամարտություն է նկատվում ավագ և երիտասարդ սերնդի գրողների միջև: Նախագահի պաշտոնակատարն ընդգծեց, որ մինչև 2005-ը գրողների միության անդամների մեջ երիտասարդները հատուկենտ էին, գրողների միության` երիտասարդների հետ տարվող աշխատանքի շնորհիվ միությունում այսօր առնվազն 30-40 գրող կա:
«Կան նաև հրատարակչություններ, որ ունեն գրողների երիտասարդական թևեր, այդ երիտասարդներին տպագրել են գրողների միության շնորհիվ,- ասաց նա,- ՀԳՄ-ն ներկայացրել է նրանց պետական պատվերի և աջակցության ծրագրերի: Նրանց գործերը ներկայացված են եղել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի, և ինքս նպաստել եմ, որ ստանան մրցանակներ, նրանք ձևավորվել են այս սրահում, ՀԳՄ խմբակներում, ներկայացվել են պարբերականներում, անթոլոգիաներում: Նրանց մի մասը մեր վարչության անդամ է: Լավ կանեն առաջադրվեն, որ ճանաչեն իրենց հնարավորությունները, նաև իրենց հանդեպ գնահատականը` մեծերի, միջին ու երիտասարդ սերնդի: Բայց ամեն քայլ անելիս պիտի հիշեն` ահելների գրականությունն են կարդացել, ահելների հոգածությունն է եղել, գրողների միության հնարավորություններն են օգտագործվել և պիտի օգտագործվեն»:
Միլիտոնյանը նշեց նաև, որ գրողների միությունը միասնական միություն է, ահելների, ջահելների միություն չէ: Հիշատակեց Գյոթեին, որ 80 տարեկանում հրաշալի գրող էր, երիտասարդ տարիքում եղեռնի զոհ դարձած մեր գրողներին, որ դասական գրողներ են այսօր: Անդրադառնալով` «Որևէ երիտասարդ գրողի այսօր տեսնո՞ւմ է ՀԳՄ նախագահի պաշտոնում» հարցին` պատասխանեց. «Իմ տեսնելով չէ, ընտրվելու է կամ չի ընտրվելու: Ես կորոշեմ, թե ում եմ տալու իմ ձայնը: Սա ցանկությունների մակարդակում չէ, ուրախ կլինեմ, որ երիտասարդ թեկնածուն այնպիսի համարում ունենա գրողական ընտանիքում, որ ընտրվի ու, ասենք, մեր հարցերով զբաղվի»:
Նշենք, որ գրողների տան կլոր սրահը բազմամարդ էր: Չենք կարող պնդել, որ գրականության նկատմամբ հետաքրքրությունն է այդպես հանկարծահաս աճել: Քանի որ գրականությանը, գրողներին նվիրված բազմաթիվ միջոցառումներն ու հանդիպումները, որպես կանոն, անցնում են կիսադատարկ սրահում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ